38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պոեզիան ու մենք

Պոեզիան ու մենք
18.12.2023 | 10:28

(սկիզբը` այստեղ)

Արիստոտելն իր «Պոետիկա» գրքում խոսելով գրականության մասին նշում է, որ գրականությունը ունի երեք սեռ։

Էպոս, դրամա և պոեզիա։

Ասում է, որ այդ երեք սեռերը (ինչպես կենդանական աշխարհում) իրարից տարբերվում են կառուցվածքով, ունեն արտաքին տարբերիչ նշաններ։

Էպոսն արձակ խոսքն է, դրաման դիալոգի, հարց ու պատասխանի տեսքով է, իսկ պոեզիան չափածո ոտանավորի։

Չափածո բառն արդեն հուշում է, որ խոսքը պիտի լինի չափած ձևած, այսինքն չափի մեջ։

Առաջին հերթին դա տողերի համաչափություն է, հետո հանգերի և հետո տեմպ, ռիթմ և այլն։

Հազարամյակներ մարդիկ ստեղծագործել են այս օրենքներով և գրականությունը զարգանալով նոր տարատեսակներ է լույս աշխարհ բերել։ Էպոսից ծնվեցին վեպերը, վիպակները, պատմվածքները, ակնարկները, ֆելիետոնը, իսկ մեր օրերում՝ ստատուսը։

Դրաման Արիստոտելի ժամանակ երկու բաժանում ուներ՝ ողբերգություն և կատակերգություն։ Հետո ստեղծվեց տրագիկոմեդիան, մելոդրաման, դրաման, աբսուրդի դրաման և այլն։

Պոեզիան նույնպես ունեցավ իր բաժանումները։

Պոեմ, բալլադ, սոնետ, քառյակ, գովերգ, ողբերգ, արձակ բանաստեղծություն և այլն։

Գրականության զարգացումը ցույց տվեց, որ այս բաժանումները նույնպես հարաբերական են։ Պուշկինը կարող է գրել «Եվգենի Օնեգինը» չափածո և անվանել վեպ, իսկ Գոգոլը իր «Մեռած Հոգիներ» արձակ գրված վեպն անվանել է պոեմ։ Չեխովն իր գործերը համարում է կատակերգություն, բայց բեմադրվում էին որպես դրամա, իսկ հիմա որպես աբսուրդի դրամա։

Բա Թումանյանի «Գիքո՞րը»։ Ո՞վ կարող է որոշել նրա ժանրը։ Իմ միամիտ կարծիքով, «Գիքորն» ունի բարձրագույն որակի պոեզիայի բոլոր հատկանիշները։

Մեր գրականությունն աճում է, իսկ գրականագիտությունը` ոչ։

Խոստովանենք, որ շատ անշնորհակալ գործ է գրաքննադատությունը։

Գրիգոր Արծրունին իր հոր ողջ կարողությունը դրեց, «Մշակ» լրագիրը հիմնեց և սկսեց աջ ու ձախ մտրակել հայ գրողներին։ Նա, ով դիմացավ Արծրունու «ծեծին», դարձավ դասական, ով չդիմացավ մոռացվեց։

Գուցե հիմա Արծրունու պես մտրակո՞ղ է պետք մեր պոետներին, չեմ կարող ասել, բայց պարոդիան չէր խանգարի։

Մեր անկախության 30 տարում ռաբիս երգը օպերայի բեմ բարձրացավ, իսկ հանգաթուխ պոետները գրքերի հեղինակ դարձան։

Փողին մուննաթ, կասեր տաքսիստ Վաղոն։

Ամեն ինչ խառնվել է, քանզի միակ չափանիշը դարձել է փողը։ Փողով կարող ես չափել, բայց ամեն բան չի չափվում փողով։

Պոեզիան Հոլիվուդի կամ Ֆեյսբուքի չափանիշներով չի գնահատվում։

Մի՞թե հայ ազնվական գրողների միության ստեղծումը չի ճչում մեր ազգային արժեհամակարգի մասին։

Շատերը կարծում են պոեզիան հուզմունքի փոխանցման միջոց է։

Այո՛, ինչպես խանութը ապրանք վաճառելու համար է, բայց ապրանքը պիտի համապատասխանի մի շարք պահանջների։

Այդ պահանջներից մեկը գրականության մեջ, հատկապես պոեզիայում, բառի նկատմամբ հարգանքն է, պատասխանատու վերաբերմունքը նրա տեղի, դերի, կրելիք բեռի նկատմամբ։

Պոեզիայի մեջ բառը պիտի ունենա իր ստույգ տեղը, ինչպես երկրաչափական կամ ցանկացած գիտական թեորեմայի սահմանման դեպքում։ Պոեզիան բարձրագույն մաթեմատիկա է, բազմաթիվ ինտեգրալներով ու կոորդինատային բազում համակարգերով։

Այս բարդ համակարգի հիմքում կա շատ պարզ մի բան՝ ստույգություն։

Հայրս ծապանի պատ էր շարում, ես օգնում էի, քար ու խիճ էի տալիս։ Հերթական քարը տվի ու տեսա, որ մի քանի անգամ շուռումուռ տալուց հետո մի կողմ դրեց ու նորը ուզեց։ Երբ զարմացած հարցրի, թե ինչու՞ տվածս քարը չի դնում պատին, ասաց՝ դա իր տեղը չի, ամեն քար ու ամեն մարդ պետք է իր տեղում լինի, թե չէ պատն էլ կփլվի, երկիրն էլ։

Հորս ասածից անցել է 50 տարի, բայց մի քար չի ընկել նրա ծապանի պատից։

Սա է եղել հորս տված դասը։

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2336

Մեկնաբանություններ